ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱԼԲԵՐՏԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Ծնվել է 1962-ի նոյեմբերի 26-ին Երևանում: 1979-ին ավարտել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը, 1984-ին` գերազանցության դիպլոմով ԵԺՏԻ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Այնուհետև ուսումը շարունակել է ինստիտուտի ասպիրանտուրայում: 1984-1986-ին ծառայել է խորհրդային բանակում: 1989-ին պաշտպանել է թեկնածուական, 2009-ին` դոկտորական ատենախոսություն: 1988-ի մարտից մինչև սեպտեմբեր աշխատել է ԵԺՏԻ-ում որպես համակարգչային լաբորատորիայի ինժեներ-ծրագրավորող, 1990-1993-ին` տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման ամբիոնի ասիստենտ: 1993-ի ապրիլից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ է: 2006-ի մայիսից մինչև սեպտեմբեր եղել է ՀՊՏՀ կրթական բարեփոխումների և միջազգային կապերի վարչության պետ, իսկ սեպտեմբերից աշխատում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:Հիմնական աշխատանքին զուգընթաց նա գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվել ամերիկյան և եվրոպական մի շարք համալսարաններում: 1996-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գիտահետազոտական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի Այովայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-ին աշխատել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), իսկ 1999-2000-ին` Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի գյուղատնտեսության և ռեսուրսների դեպարտամենտում: 2003-2005-ին կրթական համատեղ ծրագրեր է իրականացրել Նյու Յորքի համալսարանի համակարգչագիտության և տնտեսագիտության դեպարտամենտների հետ: Վ. Սարգսյանի գիտական գործունեությունն առնչվում է բնական ռեսուրսների կառավարման և տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման հիմնահարցերին:
Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների` ԱՄՆ-ում, Հունգարիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Թուրքիայում:
Հեղինակ է 50-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքի, այդ թվում` «Շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման մոդելները» մենագրության (Եր., 2002), 3 ուսումնական ձեռնարկի, միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրված 2 տասնյակ գիտական հոդվածի:
ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՎԱՆՅԱՅԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Ծնվել է 1945-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1963-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968-ին` Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: 1972-1975-ին սովորել է Մոսկվայի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1976-ին Ռ. Արմենակյանը աշխատանքի է անցել Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի հայկական գիտաարտադրական միավորման Երևանի գիտաուսումնական կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ: 1979-ից մինչև 1990-ը բաժնի վարիչ էր: 1987-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1990-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1993-ին Ռ.Արմենակյանը նշանակվել է ԵԺՏԻ հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ, իսկ 2000-ից ղեկավարում է ՀՊՏՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնը:
Գիտության ոլորտում կատարած ներդրման համար 1986-ին արժանացել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակի:
Հեղինակ է չորս տասնյակից ավելի գիտական աշխատանքի, որոնք արծարծում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր հիմնախնդիրներ:
ՀՈՒՍՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԵՂԻՇԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Ծնվել է 1946-ի նոյեմբերի 20-ին Երևանում: 1964-ին ավարտել է Ն. Կրուպսկայայի անվան դպրոցը, 1969-ին` Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի ռադիոտեխնիկայի բաժինը: 1968-1981-ին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` տեխնիկ, ինժեներ, ավագ գիտաշխատող: Մասնակցել է «Նաիրի-4» հայրենական արտադրության հաշվիչ մեքենայի նախագծմանը, մշակել է հսկող և ախտորոշող թեստեր: 1974-1977-ին սովորել է Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումը համատեղել է «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և ծրագրավորում» ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում աշխատանքի հետ: 1980-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թեստերի կառուցման մեթոդների հետազոտումն ու մշակումը հիերարխիկ կարգավորված տրամաբանական սխեմաների հիման վրա» թեմայով: 1981-1988-ին` Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի բաժնի վարիչ: Եղել է «Շրջան» թեմայի ղեկավար: 1987-1988-ին համատեղությամբ դասավանդել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1984-ին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 1993-2000-ին պաշտոնավարել է որպես տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման ամբիոնի վարիչ:
Հիմնադրել է «Եվա» ուսումնական կենտրոնը:
Հեղինակ է 30 գիտական աշխատանքի և հոդվածի:
ԽԱՆՈՒՄՅԱՆ ԼԱԶՐ ԱՎԵՏԻՔԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Ծնվել է 1944-ի մարտի 2-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: 1960-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` երկու տարի աշխատել է արտադրությունում, այնուհետև` ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվառման և հաշվողական աշխատանքների մեքենայացման բաժինը: 1967-ին ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ աշխատանքի է անցել ֆակուլտետում: 1970-ին ընդունվել է ասպիրանտուրա: Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում մասնակցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներին: 1975-ին ԵԺՏԻ տնտեսական ինֆորմատիկայի և մեքենայական մշակման ամբիոնում զբաղեցրել է ավագ դասախոսի պաշտոն: Դասախոսել է նաև ղեկավար աշխատողների ու մասնագետների տնտեսագիտական գիտելիքների բարձրացման ֆակուլտետում: 1981-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1982-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1984-ին Լ. Խանումյանին վստահվել է «Դիմորդ» ավտոմատ կառավարման համակարգի ղեկավարումը: Նույն տարում նա նշանակվել է տնտեսական ինֆորմատիկայի և կառավարման ավտոմատացված համակարգերի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: 1985-ից մինչև կյանքի վերջը` ամբիոնի վարիչ: Ղեկավարել է նաև հաշվողական կենտրոնի աշխատանքները: Մահացել է 1993-ի ապրիլի 1-ին Երևանում:
Հրատարակել է 20-ից ավելի գիտական հոդված:
ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԵՐՈՒԺԱՆԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Մասնակցել է միջազգային և հանրապետական գիտաժողովների, հանդես է եկել զեկուցումներով և հաղորդումներով:
60 գիտական հոդվածի հեղինակ է:
Բարձր է գնահատվել օպտիմալ կառավարման համակարգերի մեջ նպատակային ֆունկցիայի սահմանափակ հորիզոնի պայմաններում հետգործունեության բաղադրիչի ներմուծման մեթոդաբանության նրա մշակումը:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԴԱՆԻԵԼԻ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ
Հեղինակ է 3 ուսումնական ձեռնարկի, 22 գիտական հոդվածի
Պարգևատրվել է ՀՊՏՀ հուշամեդալով: