Տեղեկատվական հանդիպում «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ
Օրերս տեղի ունեցավ ՀՊՏՀ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրվող դիմորդներին ներկայացվեցին մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունները, ուսումնական ծրագրերը, ուսուցման մեթոդները, ինչպես նաև ծրագրի տված հնարավորությունները և ծրագրի գործընկերները:
Հանդիպմանը մասնակցեցին Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ՝ Ա. Ղազարյանը, «ՏՏ-ն բիզնեսում» ծրագրի ղեկավար՝ Ք.Գյոնջյանը և դասավանդող դասախոսներից՝ Գ. Ղուկասյանը, Գ. Կարապետյանը և Հ. Մինասյանը :
Ամբիոնի վարիչ Ա. Ղազարյանը նշեց, որ մագիստրոսական ծրագիրը մշակվել է՝ ելնելով գործատուների պահանջից, մասնագիտության արդիականացամբ, համաշխարհային և ազգային վարկանիշային սանդղակներում առաջատար դիրքեր զբաղեցնող օտարերկրյա համալսարանների փորձի հիման վրա: Մասնավորապես ներկայացվեց, որ մագիստրատուրայի տևողությունը 1.5 տարի է, շաբաթական երեք անգամ, լինում են նաև բացառություններ՝ 4 անգամ: Շրջանավարտներին տրվում է կառավարման մագիստրոսի որակավորում: Հանդիպման ընթաքում խոսվեց դասերի անցկացման ձևաչափի՝ մոդուլային սկզբունքի մասին, որը հեշտացնում է առարկայի յուրացումը և տալիս է առարկայի մասին առավել հենքային պատկերացում, քանի որ մոդուլային սկզբունքի համաձայն՝ ուսանողն անցնում է երկու կամ երեք առարկա, որին հաջորդում են քննությունները: Ներկայացվեցին նաև մագիստրատուրայում դասավանդող դասախոսները, որոնք ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներ են, աշխատում են ՀՀ-ի ՏՏ կազմակերպություններում, ունեն դասավանդման փորձ և դասավանդում են նորարարական մեթոդների կիրառմամբ:
Կրթական ծրագրի ղեկավար Ք. Գյոնջյանը նշեց, որ մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին՝ ուսանողներին ընձեռելով ուսման ընթացքում աշխատելու հնարավորություն:Նշվեց նաև, որ դեռևս նախորդ տարվանից ունեն հաջող փորձ՝ մագիստրանտների մեծամասնությունն արդեն աշխատում է ՏՏ ոլորտում՝ որպես ծրագրավորողներ, տվյալագետներ, թվային մարքեթինգի մասնագետներ և այլն: