Բարի գալուստ ՀՊՏՀ-ի Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն

534IC

Ամբիոնը հիմնադրվել է 1975 թ

Ի սկզբանե ամբիոնը կոչվում էր “Տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակում և կազմակերպում”: Այն հիմնադրվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ստեղծման առաջին իսկ օրվանից և իր ամբողջ գոյության 46 տարիների ընթացքում եղել է սկզբում ԵրԺՏԻ, այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջատար թողարկող ամբիոններից մեկը:

0921E

Մեր շրջանավարտները

Բուհի գոյության տարիների ընթացքում ամբիոնը թողարկել է ՏՏ և կառավարման տեղեկատվական համակարգերի ոլորտի հազարավոր առաջատար մասնագետներ, որոնք մշտապես առաջատար դիրքեր են զբաղեցրել թե պետական, և թե մասնավոր հատվածներում:

Պատմություն

 1988 թվականին ամբիոնը վերանվանվել է “Տնտեսական ինֆորմատիկա և կառավարման ավտոմատացված համակարգեր”: 2000 թվականի սեպտեմբերի 1-ից ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է “Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և համակարգեր”: 2007 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տնտեսագիտության մասնագիտությունների շարքում տեղ գտավ “Կառավարման տեղեկատվական համակարգեր” մասնագիտությունը, որը և ներկայումս հանդիսանում է ամբիոնի թողարկող հիմնական մասնագիտությունը: 2011 թ. համալսարանի գիտական խորհրդի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է “Կառավարման տեղեկատվական համակարգեր”: 2012թ. նոյեմբերի 19-ի գիտխորհրդի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է “Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի“ ամբիոն: Ամբիոնը ունի նաև ձևավորված ուրույն գիտական դպրոց և թողարկում է գիտությունների թեկնածուներ և դոկտորներ Ը.00.08 “Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում” գիտական մասնագիտությամբ:

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱԼԲԵՐՏԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1962-ի նոյեմբերի 26-ին Երևանում: 1979-ին ավարտել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը, 1984-ին` գերազանցության դիպլոմով ԵրԺՏԻ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:Այնուհետև ուսումը շարունակել է ինստիտուտի ասպիրանտուրայում: 1984-1986-ին ծառայել է խորհրդային բանակում: 

1989-ին պաշտպանել է թեկնածուական, 2009-ին` դոկտորական ատենախոսություն: 1988-ի մարտից մինչև սեպտեմբեր աշխատել է ԵրԺՏԻ-ում որպես համակարգչային լաբորատորիայի ինժեներ-ծրագրավորող, 1990-1993-ին` տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման ամբիոնի ասիստենտ: 1993-ի ապրիլից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ է: 2006-ի մայիսից մինչև սեպտեմբեր եղել է ՀՊՏՀ կրթական բարեփոխումների և միջազգային կապերի վարչության պետ, իսկ սեպտեմբերից աշխատում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:Հիմնական աշխատանքին զուգընթաց նա գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվել ամերիկյան և եվրոպական մի շարք համալսարաններում: 1996-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գիտահետազոտական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի Այովայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-ին աշխատել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), իսկ 1999-2000-ին` Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի գյուղատնտեսության և ռեսուրսների դեպարտամենտում: 2003-2005-ին կրթական համատեղ ծրագրեր է իրականացրել Նյու Յորքի համալսարանի համակարգչագիտության և տնտեսագիտության դեպարտամենտների հետ: Վ. Սարգսյանի գիտական գործունեությունն առնչվում է բնական ռեսուրսների կառավարման և տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման հիմնահարցերին:

Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների` ԱՄՆ-ում, Հունգարիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Թուրքիայում:

Հեղինակ է 50-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքի, այդ թվում` «Շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման մոդելները» մենագրության (Եր., 2002), 3 ուսումնական ձեռնարկի, միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրված 2 տասնյակ գիտական հոդվածի:

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՎԱՆՅԱՅԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1945-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1963-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968-ին` Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: 1972-1975-ին սովորել է Մոսկվայի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 

1976-ին Ռ. Արմենակյանը աշխատանքի է անցել Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի հայկական գիտաարտադրական միավորման Երևանի գիտաուսումնական կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ: 1979-ից մինչև 1990-ը բաժնի վարիչ էր: 1987-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1990-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1993-ին Ռ.Արմենակյանը նշանակվել է ԵԺՏԻ հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ, իսկ 2000-ից ղեկավարել է ՀՊՏՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնը: 

Գիտության ոլորտում կատարած ներդրման համար 1986-ին արժանացել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակի:

Հեղինակ է չորս տասնյակից ավելի գիտական աշխատանքի, որոնք արծարծում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր հիմնախնդիրներ:

ՀՈՒՍՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԵՂԻՇԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1946-ի նոյեմբերի 20-ին Երևանում: 1964-ին ավարտել է Ն. Կրուպսկայայի անվան դպրոցը, 1969-ին` Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի ռադիոտեխնիկայի բաժինը: 1968-1981-ին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` տեխնիկ, ինժեներ, ավագ գիտաշխատող: 

Մասնակցել է «Նաիրի-4» հայրենական արտադրության հաշվիչ մեքենայի նախագծմանը, մշակել է հսկող և ախտորոշող թեստեր: 1974-1977-ին սովորել է Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումը համատեղել է «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և ծրագրավորում» ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում աշխատանքի հետ: 1980-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թեստերի կառուցման մեթոդների հետազոտումն ու մշակումը հիերարխիկ կարգավորված տրամաբանական սխեմաների հիման վրա» թեմայով: 1981-1988-ին` Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի բաժնի վարիչ: Եղել է «Շրջան» թեմայի ղեկավար: 1987-1988-ին համատեղությամբ դասավանդել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1984-ին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 1993-2000-ին պաշտոնավարել է որպես տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման ամբիոնի վարիչ: 

Հիմնադրել է «Եվա» ուսումնական կենտրոնը:

Հեղինակ է 30 գիտական աշխատանքի և հոդվածի:

ԽԱՆՈՒՄՅԱՆ ԼԱԶՐ ԱՎԵՏԻՔԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1944-ի մարտի 2-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: 1960-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` երկու տարի աշխատել է արտադրությունում, այնուհետև` ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվառման և հաշվողական աշխատանքների մեքենայացման բաժինը: 1967-ին ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ աշխատանքի է անցել ֆակուլտետում: 

1970-ին ընդունվել է ասպիրանտուրա: Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում մասնակցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներին: 1975-ին ԵԺՏԻ տնտեսական ինֆորմատիկայի և մեքենայական մշակման ամբիոնում զբաղեցրել է ավագ դասախոսի պաշտոն: Դասախոսել է նաև ղեկավար աշխատողների ու մասնագետների տնտեսագիտական գիտելիքների բարձրացման ֆակուլտետում: 1981-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1982-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1984-ին Լ. Խանումյանին վստահվել է «Դիմորդ» ավտոմատ կառավարման համակարգի ղեկավարումը: Նույն տարում նա նշանակվել է տնտեսական ինֆորմատիկայի և կառավարման ավտոմատացված համակարգերի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: 1985-ից մինչև 1993 թ.` ամբիոնի վարիչ: Ղեկավարել է նաև հաշվողական կենտրոնի աշխատանքները: Մահացել է 1993-ի ապրիլի 1-ին Երևանում:

Հրատարակել է 20-ից ավելի գիտական հոդված։

ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԵՐՈՒԺԱՆԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1935-ի փետրվարի 18-ին Երևանում: 1952-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել ԵրՊԻ-ում: Գերազանցության դիպլոմով ավարտելով ինստիտուտը` աշխատանքի է անցել թիվ 9 շինարարական տրեստում որպես աշխղեկ: 

Հաճախել է ՀԿԿ Երքաղկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարան: 1961-ին ընդունվել է ԵրՊԻ ասպիրանտուրա: 1966-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է նույն բուհում` դասախոս, դոցենտ, ապա` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդական տնտեսության զարգացման տնտեսամաթեմատիկական մոդելավորման բաժնի պետ: 1970-1972-ին` Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտման ինստիտուտի օպտիմալացման լաբորատորիայի գիտական ղեկավար, այնուհետև մինչև 1978-ը` ՀԽՍՀ պետպլանի էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկական մեթոդների և ալգորիթմների բաժնի պետ: 1978-ին նշանակվել է ԵԺՏԻ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման և կազմակերպման ամբիոնի վարիչ: Եղել է ինստիտուտում հաշվիչ տեխնիկայի ներդրման հանձնաժողովի նախագահը:  Ս. Սարգսյանի ղեկավարությամբ տասնյակ ասպիրանտներ և հայցորդներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Մահացել է 1984-ի հուլիսի 25-ին:

Մասնակցել է միջազգային և հանրապետական գիտաժողովների, հանդես է եկել զեկուցումներով և հաղորդումներով:

60 գիտական հոդվածի հեղինակ է:

Բարձր է գնահատվել օպտիմալ կառավարման համակարգերի մեջ նպատակային‎ ֆունկցիայի սահմանափակ հորիզոնի պայմաններում հետգործունեության բաղադրիչի ներմուծման մեթոդաբանության նրա մշակումը:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԴԱՆԻԵԼԻ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի դոցենտ

Ծնվել է 1928-ի նոյեմբերի 3-ին Լոռու մարզի Գոգարան գյուղում: 1948-ին ավարտել է Ղ. Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցը, 1953-ին` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 

Աշխատանքի է անցել Ֆինանսների նախարարության ապահովագրական վարչությունում որպես վերստուգիչ: 1957-ից` Հայէլեկտրամեքենաշինական գործարանի ավագ տնտեսագետ, նախագծող, գլխավոր հաշվապահի տեղակալ: 1965-ին մրցույթով դասախոսի հաստիք է զբաղեցրել ԵՊՀ կիբեռնետիկայի ֆակուլտետում: 1969-ից` Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ: 1972-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1 տարի անց նրան շնորհվել է դոցենտի կոչում: ԵրԺՏԻ հիմնադրման տարվանից Շ. Համբարձումյանը ղեկավարել է նրա տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակման ամբիոնը, իսկ 1977-ից աշխատել է որպես տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան: 

Հեղինակ է 3 ուսումնական ձեռնարկի, 22 գիտական հոդվածի:

Պարգևատրվել է ՀՊՏՀ հուշամեդալով: